Կրթության գերազանցության ազգային ծրագիր - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Կրթության գերազանցության ազգային ծրագիր

Կրթության գերազանցության ազգային ծրագիր

 

 

2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ (IօE), սկսեց տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն, որի նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք, որը որոշիչ դեր կխաղա երկրի հանրակրթության համակարգի մրցունակության բարձրացման, երկարաժամկետ զարգացման և համընդհանուր առաջընթացի գործում:
 

 

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման  ծրագրի մասնակիցների համար
 

Արարատյան բակալավրիատի Մուդլ (Moodle) համակարգ


ԿԳԱԾ-ի / ԱԲ-ի օգտակար հղումներ

16.  Ինչպես դառնալ Արարատյան բակալավրիատի դպրոց (Դպրոցների ներգրավում «Արարատյան բակալավրիատ» ծրագրում ներկայումս չի կատարվում։)
19.  Արարատյան բակալավրիատի առարկայական ծրագրեր

      •    Հայոց պատմություն
      •    Քիմիա 
      •    Ֆիզիկա
      •    Կենսաբանություն
      •    Մաթեմատիկա
      •    Անգլերեն
      •    Ռուսերեն

20.  ԱԲ-ի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագրի ամփոփ նկարագիր

21.  ԱԲ-ի դպրոցների առաջնորդության զարգացման նախագիծ(ստանդարտներ)

22.  «Այբ» կրթական հիմնադրամի հետ ԼՀՔ Կրթության ինստիտուտի եռամյա (2014-2017) համագործակցությունն ամփոփող զեկույց

23.  Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ընդունող արտերկրյա համալսարաններ

24. Արարատյան բակալավրիատի դպրոցների ընտրության գործընթացի հանրային իրազեկման փուլի ամփոփում (2016 թ. նոյեմբեր - դեկտեմբեր)

 
 
 

Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) գաղափարը «Այբ» կրթական հիմնադրամինն է: Ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» հիմնադրամը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և «Այբ» հիմնադրամի կողմից:


Հանրակրթական համակարգի բարելավումը համընդհանուր ու բարդ խնդիր է և պահանջում է բազմակողմանի մոտեցումներ: Համակարգի մրցունակությունը, երկարաժամկետ զարգացումն ու համընդհանուր առաջընթացն էականորեն պայմանավորված են համակարգի բոլոր բաղադրիչների բարելավմամբ։ Այդ բաղադրիչների թվում են դասավանդման մեթոդաբանությունը, առարկայական ծրագրերը, առարկայական դասագրքերն ու դասագրքաստեղծման մեթոդաբանությունը, ուսուցիչների աշխատանքի գնահատումը, աշակերտների գնահատման մեթոդները և այլն: Միևնույն ժամանակ ուսուցիչների մասնագիտական աճի լայն հնարավորությունները, մրցունակ աշխատավարձը, հասարակական պահանջի ձևավորումը և հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորության բարձրացումը այն գործոններն են, որոնք առանցքային կարող են դառնալ Հայաստանի դպրոցական կրթության ողջ համակարգի կատարելագործման համար:

 

ԿԳԱԾ-ի շրջանակներում «Այբ» հիմնադրամը իրականացնում է ուսուցիչների կրիտիկական զանգվածի երկարատև ու համապարփակ վերապատրաստում, որն իրականացնում են միջազգային գործընկեր կազմակերպությունների փորձագետները: Արդեն վերապատրաստված ու հավաստագրված ուսուցիչներն իրենց հերթին դառնալու են հարյուրավոր ուսուցիչների վերապատրաստումն իրականացնող փորձագետներ:
 

ԿԳԱԾ-ի իրականացման գլխավոր գործիքը Արարատյան բակալավրիատն (ԱԲ) է:

 
ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: ԱԲ-ի ծրագրում համադրվում են մի շարք հիմնական և ընտրովի առարկաներ, այդ թվում՝ մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, պատմություն, հասարակագիտական առարկաներ, լեզուներ և արվեստ։ Շուրջ ութ տարի՝ նախքան «Արարատյան բակալավրիատ» անունը ստանալը, ծրագրի ամեն մի տարր մանրազնին կերպով մշակվել, փորձարկվել և կատարելագործվել է «Այբ» կրթական հիմնադրամի իրականացրած ծրագրերի շրջանակներում և «Այբ» դպրոցում:

 
Արարատյան բակալավրիատը ՀՀ ԿԳ նախարարի՝ 2015 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1073-Ա/Ք հրամանով պաշտոնապես ճանաչվեց որպես այլընտրանքային դպրոցական ծրագիր Հայաստանի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ մեր երկրում այսուհետ պաշտոնապես հաստատված և ճանաչելի է միաժամանակ երկու հայալեզու դպրոցական ծրագիր՝ պետական և այլընտրանքային՝ Արարատյան բակալավրիատը: Այս այլընտրանքային գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրի հետ զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:
 

ԱԲ-ը նպատակ ունի տարածվելու ամբողջ երկրով մեկ. հետագա մի քանի տարիների ընթացքում, շնորհիվ ԿԳԱԾ-ի, Արարատյան բակալավրիատը կներդրվի ՀՀ մարզերի և Արցախի ավագ դպրոցներում՝ առնվազն մեկական դասարանով՝ հնարավորություն ընձեռելով հայ աշակերտներին անվճար սովորելու «Այբ»-ի կրթական ծրագրերով և մեթոդաբանություններով:
 

Արարատյան բակալավրիատը նպատակ ունի նաև միջազգային ճանաչում ստանալ («International Baccalaureate», «GCE A Level», «Advanced Placement» ծրագրերի նման), այսինքն՝ մեր երեխաները Հայաստանում կստանան հայալեզու, միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, որի ավարտական հավաստագիրն ու գնահատականներն առանց հավելյալ քննությունների ճանաչված կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Գործընթացի առաջին հաղթանակներն արդեն ունենք. ԱԲ կրթական ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի կողմից և գնահատվել որպես ﬕջազգային առաջատար ծրագրերի հետ համադրելի և մրցունակ։ Դրան զուգահեռ՝ ԱԲ-ը պահպանում է իր տեղային առանձնահատկությունները և նախատեսված է միայն հայերենով դասավանդման և քննման համար։

ԱԲ-ը իր մյուս մեծ հաղթանակը գրանցեց 2016 թ․ ամռանը, երբ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, այն համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումները։

 
Այսօր «Այբ» հիմնադրամը գտնվում է ԱԲ-ի ուսումնական ծրագրի միջազգային ճանաչման, ԱԲ-ով դասավանդող ուսուցիչների գնահատման ընթացակարգերի վերջնականացման, ուսուցիչների և վերապատրաստողների վերապատրաստման, ԱԲ համակարգի կառավարման ինստիտուցիոնալացման փուլում: Սա ջանատար գործընթաց է, որին «Այբ» հիմնադրամը տարիներ շարունակ պատրաստվել է և որի նպատակն է մատչելի դարձնել միջազգայնորեն ճանաչված ԱԲ-ի ծրագիրն այլ դպրոցների համար նույնպես՝ խթանելով կրթության գերազանցությունը և հնարավորություն տալով հայկական դպրոցի աշակերտներին ստանալու մրցունակ կրթություն՝ առանց լքելու հարազատ դպրոցը կամ մարզը:

 
ԿԳԱԾ-ի փուլերը և ինստիտուցիոնալացումը
 
1.    ԿԳԱԾ-ի առաջին՝ նախապատրաստական փուլում (2014-2016 թթ.) լրամշակվել է Արարատյան բակալավրիատի ուսումնական ծրագիրը՝ որպես հայալեզու, միջազգայնորեն ճանաչված գերազանցության կրթական համակարգ:
ԱԲ-ի ուսումնական ծրագրի և քննությունների լրամշակումը, ինչպես նաև ԱԲ-ի ավարտական քննական որակավորումների միջազգային ճանաչումն իրականացվել են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի հետ։ ԱԲ-ը շուրջ ութ տարի մանրազնին կերպով մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և փորձարկվել ու կատարելագործվել մասնավորապես «Այբ» ավագ դպրոցում, ինչպես նաև «Այբ» միջին և տարրական դպրոցներում:

ԱԲ-ի առարկայական ծրագրերի լրամշակման նպատակով Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի կողմից կատարվել է միջազգային համաքննում գերազանցության այլ հարթակների հետ։ ԱԲ-ի ծրագրերը գնահատվել են որպես միջազգային նմանատիպ առաջատար ծրագրերի հետ («International Baccalaureate», «Advanced Placement», «GCE A Levels») հիմնականում համադրելի և մրցունակ, իսկ որոշ դեպքերում՝ անգամ գերազանցող:

Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ/UCL) Կրթության ինստիտուտի (IօE) հետ միասին մշակվել են ուսուցիչների վերապատրաստման և հավաստագրման ծրագիրը, գործողությունների պլանը և անհրաժեշտ կրթական նյութերը, որոնցով վերապատրաստվելու են ապագայում ԿԳԱԾ-ում ներգրավվելիք բոլոր ուսուցիչները:

2.    ԿԳԱԾ-ի երկրորդ փուլում (2017–2019 թթ.) ԱԲ-ը մեկ դասարանով ներդրվելու է այն դպրոցներում, որոնք՝

•    տեղակայված են ՀՀ մարզերում և Ստեփանակերտում, 
•    ունեն ավագ դպրոցի բաղադրիչ (առանձին գործող ավագ դպրոցներ, միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ) և հատուկ կամ մասնագիտացված դպրոց չեն։

 3.    ԿԳԱԾ-ի երրորդ փուլում (2020-2023 թթ.) ԱԲ-ը ներդրվելու է Հայաստանի և Արցախի բոլոր այլ ավագ դպրոցներում՝ յուրաքանչյուրում առնվազն մեկ դասարանով:


Կրթության գերազանցության ազգային ծրագրի շնորհիվ Հայաստանն առաջին անգամ համաշխարհային կրթական հարթակում իր ուրույն ու կարևոր տեղն է զբաղեցնում: Համաշխարհային լավագույն փորձի հետազոտությունը ցույց է տալիս, որ չկա միջազգայնորեն մրցունակ հանրակրթական մի մոդել, որը գերակա է մյուսների նկատմամբ կամ կարող է փոխարինել ազգային կրթական ծրագրերին: Փոխարենը յուրաքանչյուր պետություն մշակում է իր սեփական համակարգը՝ միջազգային լավագույն փորձի տարբեր համակարգերը փոփոխելով և հարմարեցնելով իր կարիքներին ու հանգամանքներին: «Այբ» հիմնադրամը ևս պետության աջակցությամբ հանձն է առել մերը ստեղծելու դժվարին, բայց Հայաստանի մրցունակության վրա էական ազդեցություն թողնող կրթական ծրագիր: Մենք ստեղծում ենք միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական այլընտրանքային ծրագիր, որը կլինի հիմնված մեր ազգային կրթական ժառանգության ու արժեքների վրա, որպեսզի մեր երեխաները ստանան մրցունակ, միջազգայնորեն ճանաչված, միջազգային կրթական չափորոշիչների հետ համադրելի, բայց հայալեզու կրթություն:


Կրթության գերազանցության ազգային ծրագիրը պետական ծրագիր է, որը նպատակ ունի չսահմանափակվել Հայաստանով, այլ դուրս գալ երկրի սահմաններից՝ տարածվելով բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ ու դպրոցներ: Այս միջոցով մենք ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ երեխաներին հնարավորություն կընձեռենք ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ հայոց լեզվով: Այսպիսով՝ ԿԳԱԾ-ի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ կրթություն արտահանող:

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
 

ՀՀ Կառավարություն
Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտ 
Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոն

 

Ավելին

Արարատյան բակալավրիատ

նոր դպրոցական ծրագիր՝ ստեղծված «Այբ» հիմնադրամի ջանքերով և ճանաչված միջազգայնորեն։

Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և UK NARIC-ը արդեն ճանաչել են Արարատյան բակալավրիատը անգլիական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին համազոր։

  • Կրթության գերազանցության ազգային ծրագիր
  • Կրթության գերազանցության ազգային ծրագիր
  • Կրթության գերազանցության ազգային ծրագիր
  • Կրթության գերազանցության ազգային ծրագիր
  • Կրթության գերազանցության ազգային ծրագիր

Արարատյան բակալավրիատը կներդրվի

ՀՀ մարզերի և Արցախի ավագ դպրոցների առնվազն մեկ դասարանում

2.000 ուսուցիչ

կվերապատրաստվի և կհավաստագրվի որպես դասավանդման համաշխարհային լավագույն փորձն ու գիտելիքներն ունեցող մասնագետ

ԿԳԱԾ-ի նպատակները

1

Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսն ուղղել դպրոց

Դարձնել ուսուցչի աշխատանքը պատվաբեր և ապահովել պատշաճ ու մրցունակ վարձատրություն:

2

Ձևավորել բարձրակարգ մանկավարժների համայնք

Ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ու մրցունակ ուսուցիչների համայնք:

 

3

Ներդնել դպրոցներում նոր այլընտրանքային ուսումնական ծրագիր

Տարածել «Այբ» հիմնադրամի մշակած նոր՝ «Արարատյան բակալավրիատ» կոչվող մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան, հայալեզու կրթական ծրագիրը երկրով մեկ:

 

4

Աջակցել և խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացումը

Ներդնել Արարատյան բակալավրիատը Հայաստանի և Արցախի բոլոր ավագ դպրոցների առնվազն մեկ դասարանում՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայ աշակերտի՝ անվճար ստանալու լավագույն կրթություն: