Կայացավ առաջին «Լեգոստարտ» մրցույթը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Կայացավ առաջին «Լեգոստարտ» մրցույթը
  • Կայացավ առաջին «Լեգոստարտ» մրցույթը

Կայացավ առաջին «Լեգոստարտ» մրցույթը

27 մայիսի / 2021

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Լեգոստարտ» ռոբոտաշինական առաջին մրցույթը։ Մրցույթին մասնակցեց 11 թիմ 3 տարիքային խմբերում՝ տարրական, կրտսեր և ավագ։ Թիմերը ներկայացնում էին Սյունիքի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերը և մայրաքաղաք Երևանը։ Սա նոր հնարավորություն է հատկապես մարզերի երեխաների համար՝ զարգանալու  ռոբոտաշինության ոլորտում  և մասնակցելու ավելի խոշոր մրցույթների։

 

 «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանի  խոսքով՝ «Լեգոստարտ» անդրանիկ մրցույթը մեզ համար կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ ենք փորձարկում այս ձևաչափը լեգոյի և ռոբոտաշինության սիրահարների համար, ովքեր առաջին քայլերն են անում այս ոլորտում։ Նա հույս հայտնեց, որ բոլոր թիմերը կկարողանան հետագայում մասնակցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի թե՛ ազգային և թե՛ միջազգային փուլերին։ «Ռոստելեկոմ» ընկերության  համագործակցության շնորհիվ է, որ «Այբ» կրթական հիմնադրամը որոշեց ստեղծել մի նախնական հարթակ, որտեղ սկսնակ թիմերը հնարավորություն ունեն իրենց ուժերը գնահատելու և պատրաստվելու հետագայում ավելի լուրջ ռոբոտաշինական նվաճումների։

 

«Ռոստելեկոմ» ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում ռոբոտաշինության ոլորտին։ Ընկերության տնօրեն Հայկ Ֆարամազյանի ներկայացմամբ՝ շատ ուրախ են այս տարի ևս աջակցելու այսպիսի հրաշալի ծրագրի և «Լեգոստարտ 2021»-ի  հարթակում  աջակցելու սկսնակ թիմերին, որ հմտանան և առաջիկայում մասնակցեն Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։

 

Այս տարվա «Լեգոստարտի» թեման առնչվում էր համավարակին․ մեր աշակերտների ստեղծած ռոբոտները փորձում էին ավելի կառավարելի դարձնել համավարակն ու բնական աղետները՝ մեղմելով դրանց հետևանքները։ Լեգո կրթության միջոցով մեր աշակերտները փորձեցին զարգացնել ստեղծված խնդիրներին արագ ու պարզ լուծումներ տալու իրենց հմտությունները՝ միևնույն ժամանակ դրական ազդեցություն ունենալով համավարակի ու բնական աղետների հետևանքների կառավարման կարևոր հիմնախնդրի վրա։

Լարված պայքարի արդյունքում «Լեգոստարտ 2021» մրցույթում հաղթողների պատվին արժանացան տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչված «NAV» թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ «Գազպրոմ 4»-ը, իսկ ավագ տարիքային խմբում` «Մուշը»։ Տարրական տարիքային խմբում երկրորդ կարգի դիպլոմի արժանացավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի թիմը, իսկ առաջին կարգի դիպլոմի` «Գիտուն» թիմը Կապանից։ Կրտսեր տարիքային խմբում էլ առաջին կարգի դիպլոմ նվաճեց «Best Trio» թիմը Նոր Հաճնից։

Մրցույթի մասնակիցներն ու հաղթողները մրցանակներ ստացան «Այբ»-ի գործընկեր «Munich», «Զիգզագ» և «Մեգաթոյզ» ընկերություններից։ Մասնակից թիմերից 3-ին Lego հավաքածուներ էր տրամադրել մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Հիշեցնենք նաև, որ մրցույթի մասնակից թիմերի մարզիչների համար մրցույթին նախորդող ժամանակահատվածում դասընթացների շարք է իրականացրել Հայաստանում «LEGO® Education» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Creative Educational Technologies (CET) կազմակերպությունը։ 

 

Ռոբոտաշինությունն այժմ գիտության ամենաարագ զարգացող ուղղություններից է, և «Այբ» կրթական հիմնադրամն առաջնահերթություն է համարում  ռոբոտաշինության զարգացումը մեր երկրում։ Այս մրցույթը, բացի մասնագիտական գիտելիքներից  ու հմտություններից, երեխաներին տալիս է նաև մի շարք այլ հմտություններ՝ ստեղծարարություն, համագործակցություն, թիմային աշխատանք, հաղորդակցություն և սոցիալական պատասխանատվություն։ Մենք սպասում ենք «Լեգոստարտ 2021» մրցույթի մասնակիցներին ռոբոտաշինության գալիք մրցույթներում։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին