Արցախի թիմը հաղթեց Պատանի քիմիկոսների մրցաշարում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Արցախի թիմը հաղթեց Պատանի քիմիկոսների մրցաշարում

Արցախի թիմը հաղթեց Պատանի քիմիկոսների մրցաշարում

11 մայիսի / 2021

Մայիսի 9-ին ամփոփվեց Պատանի քիմիկոսների մրցաշարի եզրափակիչը։  Հաղթող ճանաչվեց Արցախի «Մոնթեաբերդ» թիմը՝ հավաքելով 275 միավոր։ Եզրափակիչ փուլում էին նաև ԵՊԲՀ ավագ դպրոցի «Հերացի»,  «Հելիում», «Օգանեսոն» թիմերը, որոնցից «Հերացին» զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ «Հելիումը»՝ երրորդ։

«Այբ»  կրթական հիմնադրամը կազմակերպում է և՛ աշակերտների, և՛ ուսանողների հայկական քիմիական մրցաշարերը, որոնք նպատակ ունեն խթանելու գիտատեխնիկական առարկաների հանդեպ հետաքրքրությունն աշակերտների և երիտասարդների շրջանում։ Հատկապես այսօր մեծ է մեր երկրում բնագիտական ուղղության զարգացման պահանջը՝ որպես մի քանի կարևոր ոլորտի հիմքի, որը պետք է դրվի հենց դպրոցում։

Պատանի քիմիկոսների մրցաշարն օգնում է աշակերտներին սովորելու հետաքրքիր ձևով ներկայացնել խնդիրների լուծման իրենց տարբերակները՝ հմտանալով գիտական զեկույց ներկայացնելու և ընդդիմախոսելու մեջ։ Մրցաշարը նպաստում է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև խորացնում կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապը։

Բացի թիմային մրցանակներից՝ շնորհվեցին նաև անհատական մրցանակներ «լավագույն զեկուցող», «լավագույն գրախոս», «լավագույն ընդդիմախոս» և «լավագույն ավագ» անվանակարգերում։ Իսկ  ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը հաղթող թիմին նվիրեց Մենդելեևի պարբերական աղյուսակը՝ Յուրի Հովհաննիսյանի մակագրությամբ։ Վերջինիս անունով է կոչվել պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ օգանեսոնը։ 

Մրցաշարի կայացման մեջ մեծ ներդրում ունեն Պատանի քիմիկոսների մրցաշարի հովանավոր «Պրոֆխոլոդ» և «Նաիրիան» ընկերությունները։ Սա վկայում է, որ մասնավոր ընկերությունները կարող են մեծ ներդրում ունենալ գիտական մտքի զարգացման և դրա գործնական արտահայտման մեջ։

Մայիսի 9-ին Արցախի թիմը դրեց ապագայի կառուցման գիտական կարևոր հիմքերից մեկը։ 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին